Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ինչքան մեծ լինի ուժային ու հավասարազոր բևեռների թիվն աշխարհում, այնքան անկայուն կլինի նման աշխարհակարգը

Ինչքան մեծ լինի ուժային ու հավասարազոր բևեռների թիվն աշխարհում, այնքան անկայուն կլինի նման աշխարհակարգը
21.11.2026 | 17:52

Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է։

Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ մարդկային հասարակության կյանքի հարատևման ու շարունակականության կայունության տեսանկյունից ինչպես ակնհայտորեն անկայուն էր միաբևեռ ուժային կարգը, այնպես էլ, ներկա տրանսպորտային, կոմունիկացիոն և տեխնոլոգիական պայմաններում անկայուն կլինեն նաև բազմաբևեռ ուժային կարգերը։

Եվ ինչքան մեծ լինի ուժային ու հավասարազոր բևեռների թիվն աշխարհում, այնքան անկայուն կլինի նման աշխարհակարգը։

Այսինքն, եթե ակնհայտորեն անկայուն են և միաբևեռ, և մեծ թվով ուժային բևեռներ ունեցող աշխարհները, ապա բնական հարց է առաջանում, թե ներկա պայմաններում ո՞ր աշխարհը կլինի համեմատաբար ավելի կայուն, երկբևե՞ռը, եռաբևե՞ռը, թե՞ քառաբևեռը և այլն։

Կան հանգամանքներ, որոնք խոսում են այն մասին, որ երկբևեռ կառուցվածքները միշտ շատ ավելի կայուն են, քան եռաբևեռը կամ քառաբևեռը, և դա էլ միայն ելնելով վերից վար սիստեմային նկատառումներից, քանի որ ինչքան մեծ է ուժային բևեռների թիվը, այնքան մեծ կլինի այդ բևեռների միջև փոխադարձ կապերի թիվը ու դրան համապատասխան էլ ավելի անկայուն կլինի նման աշխարհակարգը։

Մասնավորապես երկբևեռության կայունության օրինակներ է սառը պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի համեմատաբար կայուն դիմակայությունը. նմանատիպ օրինակ է նաև ԱՄՆ-ի հիմնականում երկբևեռ կուսակցական կառուցվածքը և այլն։

Պատմականորեն բազմաթիվ են նաև այնպիսի երկբևեռ լոկալ ու հարաբերականորեն կայուն կառուցվածքները, ինչպիսիք են Հռոմ-Պարսկաստան, Արաբական խալիֆաթ-Բյուզանդիա, Օսմանյան կայսրություն-Խանական Իրան և այլ ուժային զույգերը։

Մեր տարածաշրջանի համար ուժային եռաբևեռության օրինակ են Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը և խանական Պարսկաստանը և այլն։

Մյուս կողմից էլ կան քվազիկայուն բազմաբևեռության այնպիսի օրինակներ, ինչպիսին է, ասենք, 19-րդ դարի Եվրոպայի բազմաբևեռ կառուցվածքը։

Բայց, մյուս կողմից էլ, տարբեր քանակությամբ ուժային բևեռներն էլ ունեն իրենց պրոբլեմները։

Օրինակ, ներկայում եթե հաստատվի ԱՄՆ-Չինաստան երկբևեռության ռեժիմ, ապա ո՞րը կլինի նման աշխարհում Ռուսաստանի նման ռազմական գերտերության տեղը։

Կամ էլ, ո՞րը կլինի նման աշխարհում Հնդկաստանի ու ԵՄ-ի տեղը. նման հարցերը բազմաթիվ են։

Մյուս կողմից էլ, բազմաբևեռությունը պետք է ստեղծի մոտավորապես հավասարազոր բլոկային քաղաքականության պահանջարկ, որը հնարավոր կլինի, ասենք, Ռուսաստանի ու Եվրոպայի միավորումով, որն ինքնին շատ բարդ խնդիր է։

Նույնը Ռուսաստանի և թուրքական աշխարհի հնարավոր միավորման դեպքում և այլն։

Այսինքն, երեք գերտերությունների ներկա հանդիպումը բազմաբևեռության ռեժիմի հնարավոր հաստատման ուղղությամբ մի ծիծեռնակ էր, որը լուծումների ուղղությունն է մոտավորապես ցույց տալիս, իսկ բուն լուծումներն իրենք, դեռ շատ հեռու են։

Էլ չեմ ասում այս համատեքստում մեր վիճակի անորոշության և հնարավոր լուծումների մասին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1626

Մեկնաբանություններ